Սոցիալական պաշտպանության բնագավառում պարբերաբար իրականացվող բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում դեռ բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար մասնակցությունն ու ներառվածությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Երկրի տնտեսության և սոցիալական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցության խթանման, նրանց ֆունկցիոնալության ամբողջական բացահայտման և անհրաժեշտ նպատակային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ հաշմանդամության գնահատման համակարգի և ծառայությունների որոշման մոտեցումներում։
ՀՀ կառավարությունը վերջին տարիներին վճռորոշ քայլեր է ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորման ողղությամբ։ 2010թ. վավերացնելով ՄԱԿ-ի 2006թ.-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն` գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին:


